Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Խոստանալը խոստացան, բայց կանե՞ն

Խոստանալը խոստացան, բայց կանե՞ն
11.09.2009 | 00:00

20 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ ԵՎ 300 ԲՆԱԿԱՐԱՆ
«Էրևում ա հարմարավետ տներ են։ Ամենակարևորն էն ա, որ էս 20 տարվա մեջ առաջին անգամ գյուղերի բնակիչներին հիշեցին, թե չէ միշտ գյումրեցիների ու կիրովականցիների համար էին տներ կառուցում»։ «Անցած տարի քաղաքաշինության նախարարը մեզ խոսք տվեց, որ մինչև տարեվերջ մեզ տուն կտան։ Սպասում ենք։ Կարող ա խոսքը կատարի»,- հուզմունքն աչքերին ասում էին Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչները։
Աղետից տուժած գյուղերի բնակիչների այս սպասումները պայմանավորված էին շրջանառվող այն խոսակցություններով, թե սեպտեմբերին սպասվում է նախագահ Սերժ Սարգսյանի այցը, որի ընթացքում շահագործման կհանձնվի կառուցված տների մի մասը։ Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսված է, բացի Գյումրի քաղաքից, երկրաշարժից տուժած 8 գյուղական համայնքներում կառուցել անհատական տներ` անօթևան մնացածներին բնակարանով ապահովելու համար։ Ի դեպ, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը գարնանը խոստացել էր մինչև տարեվերջ գյուղական համայնքներում շահագործման հանձնել 300 անհատական բնակարան և 1320 բնակարան` Գյումրիում։ Ի՞նչ փուլում են շինարարական աշխատանքները, և արդյոք գյուղական համայնքների բնակիչների սպասումները կարդարանա՞ն։ «Շինարարական աշխատանքները բնականոն հունով, ըստ ժամանակացույցի, ընթանում են և նախարարի ուշադրության կենտրոնում են։ Ավելին, նա աշխատանքներին ծանոթանում է տեղերում` շինհրապարակներում, հետևելով շինարարության որակին։ Այս պահի դրությամբ աշխատանքներում որևիցե շեղում չկա, դեռ մի փոքր էլ ժամանակացույցից առաջ ենք անցել։ Մինչև տարեվերջ մեր առջև դրված պարտականությունները կկատարենք։ Սեպտեմբերի կեսից մինչև հոկտեմբերի սկիզբը գյուղական բնակավայրերում շահագործման կհանձնվի մոտ 80 անհատական բնակարան։ Այդ գործընթացը շարունակական կլինի մինչև տարեվերջ»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը։
Այլ կերպ ասած, առաջիկա չորս ամիսների ընթացքում երկրաշարժից տուժած գյուղական վայրերի բնակիչները, ի վերջո, կկարողանան վայելել սեփական ամուր տանիք ունենալու բերկրանքը։ Ինչ խոսք, շատ ուրախալի փաստ է, սակայն ոչ պակաս կարևոր է նաև ճշտել, թե բնակարանով ապահովվող բնակիչներն այդ բնակարանի կարիքը որքանո՞վ ունեն։ Չստացվի հանկարծ այնպես, որ կարիքավորի փոխարեն բնակարանամուտը տոնի առանց այդ էլ մի քանի բնակարան ունեցողը։
Մեր այս մտավախությանը համամիտ լինելով նախարարությունում ընդգծեցին, որ նման երևույթները բացառելու նպատակով ի սկզբանե ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ «Հանձնաժողովն աշխատում է խիստ ծանրաբեռնված, և շահառուների անձնական գործերը ենթարկվում են մանրակրկիտ ուսումնասիրության։ Նախարարի հանձնարարականով նիստերն անցկացվում են տվյալ համայնքներում։ Դա թույլ է տալիս մոտիկից ծանոթանալու հարցին և, հարկ եղած դեպքում, տեղում այն ուսումնասիրելու։ Աշխատանքներն իրականացվում են թափանցիկ, բացի պատկան կառույցների ղեկավարներից ու նախարարության աշխատակիցներից նիստերին կարող են մասնակցել անձամբ շահառուները` խոսքի իրավունքով»,- նշեց մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ այս գործընթացն իրականացվում է տարեսկզբին կառավարության հաստատած` «Մինչև 2013 թիվն աղետի գոտում անօթևան մնացած բնակիչներին բնակարանով ապահովելու» որոշման համաձայն։ Գյուղական համայնքներում կառուցապատման համար մինչ այժմ հատկացվել է 12 մլրդ դրամ։ Մինչև տարեվերջ կհատկացվի ևս 4 մլրդ դրամ։ Քանի որ ծրագիրը շարունակական է, 2010 թվականին էլ 24 մլրդ դրամ կհատկացվի աղետի գոտու շինարարությանը։ «Այս պահին արդեն սկսվել են 2010-ին նախատեսվող գործընթացի կազմակերպչական աշխատանքները»,- հստակեցրին նախարարությունում։ Նույն աղբյուրը նշեց նաև, որ հաջորդ տարի շինարարական աշխատանքների ծավալը երկու-երեք անգամ կմեծանա։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2295

Մեկնաբանություններ